понедельник, 24 декабря 2012 г.

Էությունը սիրո...

Մեկն այրվում էր կրակի ջերմությունից, մյուսը` գերին էր ջրի պարզության, բայց նրանք այդպես էլ չէին մոտենում իրար:
Իր պարզ հայացքը նա ամփոփում էր կրակի մեջ ու հեռվից հիանում նրանով: Կրակն էլ վառվում էր ջրի պարզությունից ու ամեն անգամ ավելի բորբոքվում:
Մի օր այդ երկուսի միջև հայտնվեց ոսկեհեր կապուտաչյա դիցուհին, որ կրում էր անունն Էության: Ափի մեջ առնելով մի բուռ ջուր ու կրակի մի խենթ կայծ նա արարեց Էությունը Սիրո:
Երբ Սերն իր մեջ ամփոփեց Կրակի ջերմությունն ու Ջրի  պարզությունը նրան իր գիրկն առավ մարդկային Սիրտը, քանզի միայն նա էր տիրուհին մարդու զգացմունքների: Միայն նա էր, որ կրակի պես վառվել և ջրի պես մաքուր մնալ գիտեր,եթե իր ակունքում հայտնվեր Էություն տիրուհին ու նվիրեր Սեր կրակից ու ջրից արարված...   

суббота, 8 декабря 2012 г.

Հին երազ

Ամեն բացվող առավոտ, երբ արևը գրկում է երկինքը, իսկ նա արևի շողերն է ուզում առնել իր կապույտի մեջ նրա աչքերի առաջ գծագրվում է նույն կանաչ դաշտը ծաղիկներով լի ու այն աղջիկը սև գանգուռ մազերով , որ վազում է դաշտերով ինքն իրեն մոռացած խենթի պես:Նա վազում է, վազում անվերջ առանց կանգ առնելու թևերը տարածելով ասես ուզում էր գրկել ողջ դաշտը այն տարածությունը որի տիրուհին էր դարձել….
,,Պինդ փակիր աչքերդ ու տես նրա խենթ քայլքը, վազքը ազատ դաշտերում տես ու մի մոռացիր քո հին երազը,,-մտքում ասաց նա ու սիրտը բացվեց երջանկության զգացումից ու լցվեց մի խենթ հեղեղով որ հեռվից էր գալիս.
,, Իմ հին երազանք կարոտում եմ քեզ, զգում քո կարիքը ուզում եմ լցնես հոգիս այն հին մանկական խինդով: Հիշում ես որքան եմ քեզ մոտ եկել?
 Ամեն գիշեր երբ գլուխը դիպչում էր բարձին նա տեսնում էր այդ սրահը լույսերով ողողված ու մարդկանց որոնք սպասում էին…Դռները բացվում և  ներս է մտնում նա:Ներկաները ժպտում են ակամա, իսկ նա ընդառաջ գալով կրկնում է մտքում.,,քայլեցի , քայլեցի…,,
Սակայն մարում են լույսերը ,բացվում է լույսը ու հին երազը քուն է մտնում ասես կրկին ծնվելով դաշտերում վազող աղջկա մեջ, որ հենց նա է նրա մանկության դեռահասության , պատանեկության, երիտասարդության ուժը երազը չմեռնող , որ ստիպում է նրան զարթնել ամեն առավոտ իրականում մեռած լինելով:
Նա գիտեր  արդեն գիտեր որ երբեք չի քայլի այնպես ինչպես երազել է իրեն գիտակցելու պահից, գիտեր նաև որ հոգու խորքում լալիս է երազանքն իր հին,բայց ասում է ամեն առավոտ.,, Վեր կաց դրսում Արևն է շողում ու այն քոնն է Անի,,…